Ես ծնվել եմ երկու անգամ, և երկու անգամն էլ՝ հաջողակ. Վլադիմիր Էտուշն այսօր դառնում է 95 տարեկան (լուսանկարներ)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, խորհրդային կինոյի և թատրոնի դերասան Վլադիմիր Էտուշն այսօր նշում է ծննդյան 95-ամյակը: Իր ծննդյան օրը դերասանը կնշի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի բեմի վրա՝ խաղալով «Բենեֆիս» ներկայացման մեջ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Այսօր ինձ մոտ սովորական աշխատանքային օր է: Անձնագրով 94 տարեկան եմ դառնում, իսկ կյանքում՝ 95»,- ասել է դերասանը՝ մեկնաբանելով իր տարիքի վերաբերյալ տարաձայնությունները:
Էտուշի խոսքով՝ ինքը ծնվել է երկու անգամ, և երկու անգամն էլ՝ հաջողակ. դերասանի մայրը նրա ծննդյան թիվը փոխել է 1922-ից 1923-ի՝ ցանկանալով, որ որդին ավելի ուշ գնա բանակ:
Հայտնի է, որ Վլադիմիր Էտուշը զբաղվում է արվեստով արդեն ավելի քան 70 տարի, և այս ընթացքում նա ավելի քան 100 դեր է խաղացել: Սակայն նրան մեծ ճանաչում և սեր է բերել Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմում Սաախովի դերը, որի թևավոր խոսքեր դարձած արտահայտությունները մեջբերվում են մինչ այսօր։
Gazeta.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վլադիմիր Էտուշին ծննդյան 95-ամյակի առթիվ՝ նշելով, որ նրա կյանքի և մասնագիտական ուղիներն արժանի են ամենաանկեղծ հարգանքի:

















