Բիլ Քլինթոնը թրիլլեր կգրի Ջեյմս Պատերսոնի հետ համաղեկինակությամբ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը գիրք կգրի ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնի հետ համահեղինակությամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալների համաձայն՝ «Կորած նախագահ» անվանումով թրիլլերը լույս կտեսնի 2018 թվականի հունիսին: Հրատարակողների խոսքով՝ վեպը կլինի «խարդավանքի և անորոշության եզակի խառնուրդ»: Նրանք պնդում են, որ ընթերցողը «մանրամասնորեն կտեղեկացվի այն մասին, ինչ հայտնի է միայն երկրի ղեկավարին»: Ընդ որում, նրանք չեն պատմել ապագա գրքի մանրամասների մասին:
Հայտնի է, որ 2004 թվականին ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը հրատարակել է «Իմ կյանքը» անվանումով մեմուարները:
Ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնն աշխատում է թրիլլեր և դետեկտիվ ժանրերում: Նա հայտնիություն է ձեռք բերել տեսուչ Ալեքս Քրոսի մասին վեպերի շնորհիվ: 2016 թվականին Պատերսոնը ներառվել է Forbes ամսագրի՝ ամենաբարձր վարձատրվող հայտնի անձանց եռյակում: Ամսագրի տվյալների համաձայն՝ գրողի եկամուտը կազմել է 95 միլիոն դոլար:










