Հայոց ցեղասպանության մասին գրքի թուրք հեղինակ Էլիֆ Շաֆաքը դարձել է Թուրքիայի ամենաշատ վաստակող գրողը
Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքը հայտնվել է ամենաշատ գումար վաստակող թուրք գրողների ցուցակի առաջին հորիզոնականում. 2016թ.-ին Շաֆաքը վաստակել է 1.8 մլն թուրքական լիրա:
Forbes հանդեսի հրապարակած ցուցակում Էլիֆ Շաֆաքին հետևել են թուրք գրողներ Օրհան Փամուքը, Քահրաման Քազեօղլուն, Սինան Յաղմուրը, Ահմեթ Ումիթը, Այշե Քուլինը, Ահմեթ Բաթմանը, Իլբեր Օրթայլըն, Սոներ Յալչընը: Ցուցակը եզրափակում է Ազրա Քոհենը:
Նշենք, որ 2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնել է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ չեղարկվել են։
Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ապրում է Լոնդոնում:










