Ըստ բուքմեյքերների՝ «Եվրատեսիլ-2017»-ի առաջին կիսաեզրափակչում Հայաստանը հաղթանակի գլխավոր հավակնորդներից է
Այսօր Կիևում կայանալու է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ ելույթ է ունենալու նաև Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը:
Ինչպես նշում է wiwibloggs.com կայքը, ըստ բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների՝ առաջին կիսաեզրափակչում հաղթանակի գլխավոր հավակնորդները Պորտուգալիան և Հայաստանն են:
Նշվում է, որ Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալի հաղթանակի գործակիցը 15/8 է, մինչդեռ Արծվիկ Հարությունյանինը՝ 9/4:
««Fly With Me» երգի կատարողն այս տարվա մրցույթում բոլորից լավ է հանդես գալիս էթնո-գլամ ոճում՝ ցուցադրելով տպավորիչ բեմական շոու ու կատարողական բարձր արվեստ»,-նկատում է աղբյուրը:
Նշվում է, որ Հայաստանից ու Պորտուգալիայից հետո առաջին կիսաեզրափակչում հաղթողի գլխավոր հավակնորդների ցանկում են Շվեդիան, Ադրբեջանը, Հունաստանը:











