Որոնք են Կաննի կինոփառատոնում ցուցադրվելիք ամենաշատ քննարկվող ֆիլմերը (լուսանկարներ)
Մայիսի 17-ին Ֆրանսիայում մեկնարկելու է կինոաշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ Կաննի կինոփառատոնը, որն այս տարի անցկացվելու է 70-րդ անգամ:
Tatler ամսագիրն ուշագրավ անդրադարձ է կատարել մեկնարկելիք կինոփառատոնին՝ ներկայացնելով մրցութային ծրագրում ներառված 5 ֆիլմ, որոնց մասին շատ է խոսվում:
Հավելենք, որ ժյուրիի կազմն այս տարի գլխավորելու է իսպանացի կինոռեժիսոր և սցենարիստ Պեդրո Ալմոդովարը: Մինչդեռ կինոփառատոնի բացման ու փակման արարողությունները վարելու առաքելությունը վստահվել է իտալացի կինոդերասանուհի Մոնիկա Բելուչիին:
Կինոփառատոնի փակումը տեղի է ունենալու մայիսի 28-ին:
«Ճակատագրական գայթակղություն»

Սոֆիա Կոպոլայի ֆիլմում նկարահանվել են Նիկոլ Քիդմանը, Կիրստեն Դանստը, Քոլին Ֆարելն ու Էլ Ֆենինգը: Ինչ վերաբերում է սյուժեին, ապա այն բավականին ինտրիգային է. կանանց կրթօջախի սաները փրկում են վիրավոր զինվորին ու սիրահարվում նրան:


«Թվին Պիկս»

Անցած դարի 90-ականների ամենահայտնի սերիալներից մեկի՝ «Թվին Պիկս»-ի նոր եթերաշրջանը ցուցադրվելու է մայիսի 21-ից: Սակայն նախքան այդ սերիալի մոնտաժված դրվագները ցուցադրվելու են Կաննի կինոփառատոնում, ինչն արդեն սենսացիոն է, քանի որ այս ձևաչափի համար սերիալը նորություն է:
«Իսմաելի ուրվականները»

Այս եվրոպական արտադրության ֆիլմը պատմում է սիրային եռանկյունու մասին: Աղբյուրը նկատում է, որ սովորաբար Կաննի կինոփառատոնի բացումն անում են աստղային կազմով հոլիվուդյան ֆիլմերը, սակայն այս անգամ բացառության կարգով ընտրվել է ֆրանսիացի ռեժիսոր Առնո Դեպլեշենի կինոնկարը:
«Սուրբ եղջերվի սպանությունը»

Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի ֆիլմում նկարահանվել են Քոլին Ֆառելն ու Նիկոլ Քիդմանը: Հայտնի է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է Կաննում:
«Ծովային վիշտ»

Վանեսա Ռեդգրեյվն այնքան է տպավորվել Թուրքիայի ափերից մեկում ալիքների կողմից ցամաք նետված 3-ամյա Այլան Քուրդիի լուսանկարից, որ 80-ամյա բրիտանուհին սեփական գումարով վավերագրական ֆիլմ է նկարահանել միգրացիոն ճգնաժամի ու փախստականների մասին: Ռեժիսորական առաջին աշխատանքն իրականացնելու հարցում օսկարակիր դերասանուհուն օգնել են Էմմա Թոմփսոնն ու Ռեյֆ Ֆայնսը:










