ՌԴ-ն շատ է ուզում Ս-400-ը վաճառել Թուրքիային, բայց դրա դիմաց Թուրքիան պահանջում է արտադրական տեխնոլոգիաներ. ռազմական փորձագետ
Ռուսաստանն, իհարկե, շահագրգռված է իր ՀՕՊ համակարգերը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային վաճառելու հարցում, բայց ողջ խնդիրն այն է, որ Թուրքիան դրա դիմաց պահանջում է տրամադրել արտադրական տեխնոլոգիաներ, ինչն էլ ռուս-թուրքական հնարավոր գործարքը հարցականի տակ է դնում:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Razminfo» կայքի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով. «Այս խնդիրը կար իրականում վաղուց, և այն, որ նույն Թուրքիան չէր կարողանում գնել ամերիկյան արտադրության տեխնիկա, այն պատճառով էր, որ ԱՄՆ-ը հրաժարվում էր տրամադրել տեխնոլոգիաները և համատեղ արտադրության ծրագրերից»:
Սա, ըստ Տարոն Հովհաննիսյանի, հիմնական խնդիրներից մեկն է, որ Ս-300-400-ների գործարքը չի կայանում:
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության գծով ղեկավար Ալեքսանդր Ֆոմինի խոսքերը, գրել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Ս-400 վաճառել՝ դիվիզիոնը 500 մլն դոլարով
Այս մասին ավելի վաղ՝ 2016-ի նոյեմբերի 18-ին, խոսել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրերս պաշտոնապես հայտարարեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ մայիսին կայանալիք հանդիպման ժամանակ հնարավոր է քննարկեն նաև Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը:
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե կան նման խոչընդոտներ, ուրեմն ինչու են նման բարձր մակարդակով հայտարարություններ արվում, որոնք հետո չեն իրականացվելու, փորձագետը նշեց, որ դրանցով կողմերն ուղղակի սակարկում են:
«Այսինքն՝ Ռուսաստանը, ըստ իս, համաձայն կլինի ՀՕՊ համակարգերը վաճառել, բայց ոչ արտադրության տեխնոլոգիաները տրամադրել Թուրքիային»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Փորձագետը հավելեց, որ Թուրքիան հեռահար զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ հետաքրքրություն ցուցաբերում է դեռևս 2009-ից. «Ժամանակին քննարկվում էր С-300-ի համակարգեր վաճառելու խնդիրը, 2016 թվականից՝ С-400»:
Տարոն Հովհաննիսյանը ներկայացրեց այս գործընթացին առնչվող որոշակի նախապատմություն: Բանն այն է, որ դեռ 2013 թվականին Թուրքիան հայտարարել էր մրցույթ՝ միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու համար: Մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան ու Չինաստանի արտադրության ՀՕՊ համակարգեր, և մրցույթում հաղթող էր ճանաչվել Չինաստանը, որը պատրաստ էր մատակարարել ռուսական Ս-300-ների չինական մոդելները: Բայց հետագայում մրցույթը չեղյալ հաղթահարվեց, և ըստ ներկայացվածի՝ հիմնական խնդիրն այն էր, որ այդ համակարգերը չէին կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի ռադարային համակարգին:
«Այդ խնդիրն էր, և այն պահպանվում է, թեև թուրքական կողմը հայտարարում է, թե իրենք կարող են այն առանձին օգտագործել, այնուհանդերձ դա հավելյալ խնդիրներ կստեղծի հենց նույն Թուրքիայի համար՝ տեխնիկական առումով: Եվ հավելյալ քաղաքական խնդիրներ կստեղծի ՆԱՏՕ-ի հետ: Եվ սա կարող է շատ բացասական անդրադառնալ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը:
Փորձագետը համաձայն է դիտարկման հետ, որ չնայած վերը նշված հայտարարություններին՝ գործոնները, որոնց պատճառով գործարքը տարիներ շարունակ չի իրականացվում, պահպանվում են, և որևէ բան չի փոխվել:
Բացի վերը նշվածից, մյուս կարևոր խնդիրը, որը խոչընդոտում է գործարքին, ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումն է և նաև այն, որ իրականում Թուրքիան փորձում է ձեռք բերել ամերիկյան «պատրիոտ» համակարգեր, իսկ ՌԴ-ի ու Չինաստանի հետ նույն թեմայով բանակցում է «կողքից խաղեր» տալու նպատակով, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի հետ սակարկելու նպատակով:
Իհարկե, Տարոն Հովհաննիսյանը համոզված է, որ այս գործարքը Ռուսաստանի համար խիստ շահավետ կարող է դիտվել: Ավելին՝ «Բացի այն, որ իրենք ՀՕՊ համակարգերի շահույթից կստանան ահռելի գումարներ, զենք արտադրող ընկերությունները, մասնավորապես, իրենք, ՆԱՏՕ-ի անդամ երկրին ռուսաստանյան արտադրության համակարգեր կտրամադրեն և կունենան վերահսկողություն: Իրենք այդպես են մտածում»:
Հիշեցնենք, որ Հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է նկատել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա»
Փորձագետն, իհարկե, չի բացառում, որ Թուրքիան, ի վերջո, այդ համակարգերը ձեռք կբերի, բայց այն այդ երկրի համար լուրջ ռիսկեր է պարունակելու: Մասնավորապես, այն, որ Ռուսաստանը վերահսկողության լուրջ լծակներ կունենա Թուրքիայի ՀՕՊ համակարգերի վրա, մանավանդ, որ երբեք չի կարելի բացառել, որ ինչ-որ պահի այս երկու երկրների հարաբերությունները հերթական անգամ չեն վատանա:










