Հունգարացի լուսանկարչուհու «կենդանական» կերպարանափոխությունները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)
Հունգարացի լուսանկարիչ Ֆլորա Բորսին ֆոտոշարք է հեղինակել, որի միջոցով ցուցադրել է իր «կենդանական» կերպարանափոխությունները. աղջիկը հատուկ դիմահարդարման և վարսահարդարման միջոցով իր դեմքը համադրել է տարբեր կենդանիների հետ: Ամբողջ ֆոտոշարքի լուսանկարները նա արել է մեկ ժամում, իսկ իր յուրաքանչյուր դիմանկարի հետագա խմբագրումների համար պահանջվել է մոտ 20 ժամ:
«Ես ընտրեցի անհրաժեշտ անկյունները, լուսավորությունը և գույները, որոնք հատկանշական են ամեն մի կենդանու համար: Ընդհանուր տրամադրություն ստեղծեցի՝ ոգեշնչվելով դիմահարդարման և վարսահարդարման վարպետների աշխատանքներից, որոնք ավելի վաղ գտել եմ համացանցում: Որոշեցի մոդելներ չվարձել և ինքս լուսանկարվել նախագծի համար, քանի որ ավելի լավ գիտեմ՝ դեմքի ինչ արտահայտություն է պետք յուրաքանչյուր լուսանկարի համար», - իր աշխատանքի ընթացքի մասին պատմել է լուսանկարիչը Bored Panda-ին:
Ֆլորայի խոսքով՝ իրեն ոգեշնչել է կենդանատեսակների բազմազանությունը և դրանց առանձնահատկությունները:
«Գիտակցեցի՝ որքան կատարյալ է բնությունը, և որքան են մարդիկ և կենդանիներն իրար նման: Ես սիրում եմ կենդանիներին, և այսկերպ ցանկացել եմ ցույց տալ, որ մենք շատ ենք նման նրանց: Նաև նպատակ եմ ունեցել ցույց տալ՝ ինչքան եզակի և հատուկ է նրանցից յուրաքանչյուրը՝ ձկից մինչև կատու», - ասել է նա:
Լուսանկարչի կարծիքով՝ մարդիկ ավելի շատ գնահատում են գեղեցիկ մարմինն ու դեմքը, իսկ կենդանիներն անուշադրության են մատնվում, ահա թե ինչու ինքը ֆոտոշարքի միջոցով պատմել է նրանց յուրահատուկ արտաքինի և գոյության մասին:





















