«Դեդփուլի» հիման վրա մեծահասակների համար մուլտսերիալ կնկարահանվի
Ամերիկացի ռեժիսոր Թիմ Միլերի «Դեդփուլ» կատակերգական մարտաֆիլմը սփին-օֆֆ կունենա մեծահասակների համար նախատեսված անիմացիոն սերիալի տեսքով: Այս մասին հայտնում է Mashable-ը:
Հայտնի է, որ FXX հեռուստաալիքը պլանավորում է թողարկել նոր մուլտսերիալի 10 դրվագ: Պրեմիերան նախատեսված է անցկացնել 2018 թվականին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագծի սցենարիստ և պրոդյուսեր կլինի Դոնալդ Գլովերը, որը նկարահանել է «Ատլանտա» դրամատիկ կատակերգությունն ու խաղացել դրա գլխավոր դերը:
«Դոնալդ Գլովերն անհավանականորեն տաղանդավոր և բազմակողմանի արտիստ է, որը կկարողանա կյանքի կոչել Դեդփուլի մասին սերիալը», - ասել է FXX հեռուստաալիքի ներկայացուցիչ Նիք Գրադը:
Marvel Television ընկերության փոխնախագահ Ջեֆ Լոեբը, ում պատկանում են «Դեդփուլի» իրավունքները, խոստացել է, որ նախագիծը նոր փուլ կդառնա մեծահասակների համար նախատեսված մուլտիպլիկացիայում:
Հայտնի է, որ 2016 թվականի փետրվարին էկրաններ դուրս եկած «Դեդփուլը» դարձել է R վարկանիշով ամենադիտված ֆիլմը (միայն մեծահասակների համար)՝ 58 միլիոն դոլար բյուջեի պայմաններում հավաքելով մոտ 800 միլիոն դոլար եկամուտ: Մարտաֆիլմը հիմնված է Marvel-ի կոմիքսների վրա. դերասան Ռայան Ռեյնոլդսի խաղացած գլխավոր հերոսը նախկին վարձկան է, որը դարձել է դաժան փորձարկումների զոհ և դրանց հետևանքով գերմարդկային հնարավորություններ ու այլանդակված դեմք ստացել: 2018 թվականի մարտին էկրաններ դուրս կգա ֆիլմի շարունակությունը:










