Կնկարահանվի «Ամերիկյան աստվածներ» սերիալի երկրորդ եթերաշրջանը
Ամերիկյան Starz հեռուստաալիքը պլանավորում է երկարացնել «Ամերիկյան աստվածներ» սերիալը՝ ցուցադրելով դրա երկրորդ եթերաշրջանը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Հայտնի է, որ սերիալը հիմնված է հայտնի անգլիացի գրող Նիլ Գեյմանի նույնանուն վեպի վրա և պատմում է հին ու նոր աստվածների դիմակայության մասին:
Նշվում է, որ Գեյմանը Բրայան Ֆուլերի և Մայքլ Գրինի հետ մասնակցում է սերիալի ստեղծման աշխատանքներին՝ որպես գործադիր պրոդյուսեր:
Հեռուստաալիքի ներկայացուցչի խոսքով՝ իրենք ուրախ են կրկին աշխատել Ֆուլերի, Գրինի և Գեյմանի հետ, որոնք պետք է շարունակեն «աշխարհների կառուցումն ու աստվածների պատերազմը»:
Հայտնի է, որ սերիալը երկարացվել է առաջին եթերաշրջանի ընդամենը երկու սերիա հեռարձակելուց հետո: Սերիալի առաջին եթերաշրջանն էկրաններ է դուրս եկել 2017 թվականին, և դրա ռեժիսորներն են Դևիդ Սլեյդը, Ադամ Քեյնը և Վինչենցո Նատալին:










