Արծվիկ Հարությունյանը` «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն կին կատարող. wiwibloggs.com-ը քվեարկություն է անցկացրել

09:17 • 12.05.17

«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի ակտիվ լուսաբանմամբ զբաղվող wiwibloggs.com կայքն ընթերցողների շրջանում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու համար այս տարվա մրցույթի լավագույն կին կատարողին: Արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը:

 



«Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի Արծվիկի անունը թարգմանաբար նշանակում է «արծիվ», և նա պատրաստ է ճանկել այդ հաղթանակը Կիևում: Ներկայացնելով հայկական ավանդույթներն արդիական ոճով, ձեռքերով բարդ պարն ու հզոր վոկալը՝ Արծվիկն իրավամբ վաստակել է լավագույնի կոչումը»,-նշվում է wiwibloggs.cm-ի անդրադարձում:

Հավելենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն կին կատարողների վարկանշային աղյուսակի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հորիզոնականներում են Լեհաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի և Դանիայի ներկայացուցիչները: Մինչդեռ Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 7-րդ և, համապատասխանաբար, 10-րդ հորիզոնականները:


Հիշեցնենք, որ երեկ Կիևում կայացել է «Եվրատեսիլ-2017»-ի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում եզրափակիչ է անցել 10 երկիր՝ Բուլղարիան, Բելառուսը, Խորվաթիան, Հունգարիան, Դանիան, Իսրայելը, Ռումինիան, Նորվեգիան, Հոլանդիան և Ավստրիան: 1-ին կիսաեզրափակչից հետո եզրափակիչ էին անցել Հայաստանը, Մոլդովան, Հունաստանը, Ադրբեջանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Կիպրոսը և Բելգիան: Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 13-ին:

Արծվիկ Հարությունյանը` «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն կին կատարող. wiwibloggs.com-ը քվեարկություն է անցկացրել