Միխայիլ Բոյարսկին ներառվել է Ուկրաինայի իշխանությունների «սև ցուցակում»
Ռուս դերասան և երգիչ Միխայիլ Բոյարսկին, որը հանդիսատեսին հայտնի է առավելապես «Դ’Արտանյանն ու 3 հրացանակիրները» խորհրդային ֆիլմի շնորհիվ, Ղրիմ այցելելու պատճառով ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում:
Ինչպես նշում է ria.ru-ն, Բոյարսկին «սև ցուցակում» է ներառվել Ուկրաինայի պետական սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ղրիմը շրջափակելու քաղաքականությանն աջակցելու, շրջափակված Ղրիմում ժամանցային միջոցառումներին մասնակցելու մեղադրանքներով:
Նշենք, որ «Խաղաղարար» կայքում տեղեկություններ են հրապարակվում այն անձանց մասին, որոնք Ուկրաինայի իշխանություններին դեմ են ու Ղրիմ են այցելել առանց Կիևից թույլտվություն ստանալու:
Ավելի վաղ կայքում ներառվել են Ստաս Միխայլովի, Գրիգորի Լեպսի, Յուլյա Սամոյլովայի, Դիմա Բիլանի, Իրինա Ալեգրովայի, Բաստայի և այլ հայտնիների անունները:










