Կալիֆորնիայի նահանգապետը վերականգնել է Հայ-ամերիկյան թանգարանին ուղղված 1 մլն դոլարի ֆինանսավորումը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատի բարձրաստիճան անդամ Էնթոնի Պորտանտինոն հայտարարել է, որ շատ գոհ է նահանգային իշխանությունների՝ Գլենդեյլում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի ֆինանսավորումը վերականգնելու որոշման համար:
Ինչպես նշում է Asbarez-ը, Կալիֆորնիայի նահանգային բյուջեի նախագծի վերանայման արդյունքում որոշվել է, որ իշխանությունները 1 մլն դոլարի ֆինանսավորում կտրամադրեն կառուցվելիք թանգարանին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ի սկզբանե որոշվել էր, որ Կալիֆորնիայի իշխանությունները պետք է 1 մլն դոլար հատկացնեն Հայ-ամերիկյան թանգարանին, սակայն այս տարվա հունվարին նահանգապետ Ջերի Բրաունը կասեցրել էր որոշումը:
Սակայն սենատոր Պորտանտինոյի գործադրած ջանքերի շնորհիվ, նահանգապետի գրասենյակը, ֆինանսների վարչությունն ու սենատի բյուջեի գծով աշխատակազմը համոզվել են ֆինանսավորման վերականգնման անհրաժեշտության հարցում:
Նշվում է նաև, որ նահանգապետ Բրաունը համաձայնել է վերականգնել Փասադենայի թատրոնի ֆինանսավորումը:










