«Խոստումը» ֆիլմից ստացված հասույթը կհատկացվի Ցեղասպանության դեմ համաշխարհային պայքարին

01:26 • 13.05.17

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմից ստացված հասույթը կհատկացվի ցեղասպանության դեմ համաշխարհային պայքարին: Այս մասին ասվում է ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը, ով «Խոստումը» ֆիլմի համանուն երգի հեղինակն է, ավելի վաղ հայտնել էր, որ երգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Փրկության միջազգային կոմիտեին, որն զբաղվում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց օգնությամբ:

Ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել ամերիկացի Օսկար Այզեքը, բրիտանացի Քրիստիան Բեյլը և կանադուհի Շառլոտ Լը Բոնը:  Ժամավենում նկարահանվել են նաև Անժելա Սարաֆյանը, Շորե Աղդաշլուն, Ջեյմս Կրոմվելը, Ժան Ռենոն և ուրիշներ:

Նկարահանումներն անցկացվել են Մալթայում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Հայոց ցեղասպանության իրադարձությունների ֆոնին ձևավորված սիրային եռանկյունին ներկայացնող ժապավենի ռեժիսորն ու սցենարիստն է օսկարակիր Թերի Ջորջը:

«Խոստումը» ֆիլմից ստացված հասույթը կհատկացվի Ցեղասպանության դեմ համաշխարհային պայքարին