Կանադացի նկարչի կտավները, որոնք պատրանքների աշխարհներ են ստեղծում (լուսանկարներ)
Կանադացի նկարիչ Ռոբերտ Գոնսալվեսն աշխատում է մոգական ռեալիզմ-սյուրռեալիզմ ժանրում: 58-ամյա վարպետի կտավներն առանձնանում են նրանով, որ դիտողի մոտ առաջացնում են մանկական հետաքրքրասիրության զգացողություն և հրաշքի սպասում:
Այսպես, օրինակ, Գոնսալվեսի աշխատանքներում պատկերված գորգերը վերածվում են կանաչ պարտեզների, հյուրասենյակները՝ խորհրդավոր անտառների, իսկ առաստաղները՝ աստղազարդ տիեզերքի:
Հայտնի է, որ Գոնսալվեսը մանկուց հետաքրքրվել է ճարտարապետությամբ, և հեռանկարների տեխնիկային տիրապետելը թույլ է տվել նրան պատկերել մտացածին շինություններ և բնապատկերներ, ինչը և հիմք է ծառայել նրա ապագա ստեղծագործությունների համար:
Երիտասարդության տարիներին նա աշխատել է որպես ճարտարապետ՝ միևնույն ժամանակ նկարելով պատրանքներ ստեղծող շենքեր և թատերական դեկորացիաներ: 1990 թվականին կանադական Տորոնտո քաղաքում փողոցային արվեստի ցուցահանդեսին բարեհաջող մասնակցելուց հետո նա իրեն ամբողջությամբ նվիրել է գեղանկարչությանը:
Ստորև ներկայացնում ենք վարպետի լավագույն աշխատանքները, որոնք հրապարակվել են Bigpicture կայքում:



















