Ամերիկացի գրողը նկարազարդել է իր գիրքը՝ օգտվելով բացառապես Microsoft Paint-ից (նկարազարդումներ)
Նոր բաներ սովորելն ու հավելյալ հմտությունների տիրապետելն անհրաժեշտ պայման է անձի զարգացման և կայացման գործում, սակայն երբեմն բացառություններ են լինում նույնիսկ այս հարցում: Ժամանակակից ամերիկացի գրող Պեթ Հայնսն ապացուցել է, որ նոր բաներին «դիմադրելը» երբեմն կարող է օգտակար լինել:
Bored Panda-ն գրում է, որ Հայնսը չի տիրապետում Photoshop ֆոտոխմբագրիչին և երբեք չի ցանկացել սովորել դրանից օգտվել, ահա թե ինչու նա իր նոր վեպի էլեկտրոնային տարբերակը նկարազարդել է Microsoft Paint-ի միջոցով:
«Ես ընդհանրապես չեմ կարողանում օգտվել Photoshop-ից կամ այլ ծրագրերից, և ավելի քան 10 տարի է, ինչ աշխատում եմ միայն Microsoft Paint-ով: Այս ծրագրից օգտվելու հմտություններս զարգացրել եմ գիշերները հիվանդանոցի ընդունարանում աշխատելու ժամանակ», - պատմել է տղամարդը:
Նշվում է, որ գրողն առաջարկում է բարձր որակով ներբեռնել իր նկարազարդումներն ու համոզվել, որ դրանք իրոք արված են այս հասարակ ծրագրի միջոցով:
Հայնսի խոսքով՝ իր գիրքը պատմում է 1980-ականներին ամառային ճամբարում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք հաճախ ֆանտաստիկ բնույթ են կրում. ճամբարը շրջապատված է հոգիներով և հրեշներով, և այնտեղ տեղի են ունենում ամենաանհավանական բաները:



















