Ջորջ Մարտինը բացահայտել է «Գահերի խաղի» սփին-օֆերի մանրամասները
Ամերիկացի ֆանտաստ գրող Ջորջ Մարտինը բացահայտել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի ապագա «սփին-օֆ»-երի մանրամասները: Այս մասին նա գրել է LiveJournal-ի իր բլոգում:
«Յուրաքանչյուր նախագիծ, որն այժմ քննարկվում է, պրիքվել է, այլ ոչ թե սիքվել: Որոշ պատմությունների իրադարձություններ տեղի են ունենում Վեստերոսից դուրս («Գահերի խաղի» տիեզերքի մայրցամաքներից մեկը): «Սփին-օֆ» և «պրիքվել» հասկացությունների փոխարեն գերադասում եմ օգտագործել «ժառանգորդ շոու» տերմինը»,-բացատրել է հեղինակը:
Նա ընդգծել է, որ օրիգինալ սերիալի սիրված հերոսների պատմությունների շարունակությունը տեսնելու հույս ունեցող երկրպագուներին հիասթափություն է սպասում:
Մարտինի խոսքով՝ հեռուստադիտողներին սպասում է հինգ նոր շոու «Գահերի խաղի» և դրա գրական հիմքի՝ «Սառույցի և կրակի երգի» մոտիվներով:
Գրողը հաստատել է, որ ինքը կմասնակցի նվազագույնը չորս նոր նախագծի: Ներկա պահին ընդհանուր առմամբ պլանավորվում է հինգ նախագիծ, և յուրաքանչյուրի համար ընտրվել է առանձին սցենարիստ:
Հեղինակը բացահայտել է, որ նոր շոուների սյուժեի հիմքում ընկած չի լինի Ռոբերտ Բարատեոնի ապստամբության պատմությունը:










