Աննա Մելիքյանի «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» նախագիծն էկրաններին կլինի սեպտեմբերի 1-ին

22:52 • 15.05.17

Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» պրոդյուսերական նախագիծն էկրաններ դուրս կգա սեպտեմբերի մեկին: Այս մասին հայտնել է ֆիլմի տարածման համար պատասխանատու The Walt Disney Company ընկերության մամուլի ծառայությունը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 14-ին Սոչիում՝ ռուսական «Կինոտավր» փառատոնի մրցանակաբաշխության արարողության փակման շրջանակում: Հայտնի է, որ 2015 թվականին Աննա Մելիքյանի ռեժիսորական աշխատանքը՝ «Սիրո մասին» ֆիլմը, արժանացել է այդ փառատոնի գլխավոր՝ «գրան պրի» մրցանակին: 

Նշվում է, որ կատակերգությունը պատմում է սովորական մարդկանց մասին, որոնք կորել են մեծ քաղաքում. նրանք հանդիպում են, և յուրաքանչյուրն ունի իր սիրո պատմությունը: Ֆիլմի ռեժիսորներն են Աննա Մելիքյանը, Պավել Ռումինովը, Նատալյա Մերկուլովան և Ալեքսեյ Չուպովը:  

Հայտնի է, որ ֆիլմում խաղացել են Ջոն Մալկովիչը, Ինգեբորգա Դապկունայտեն, Տինա Դալակիշվիլին, Ֆյոդոր Բոնդարչուկը, Վիկա Իսակովան, Մակսիմ Մատվեևը, Աննա Միխալկովան, Ֆյոդոր Լավրովը և այլն:

Աննա Մելիքյանի «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» նախագիծն էկրաններին կլինի սեպտեմբերի 1-ին