Ջրից վեր հառնող ահռելի ձեռքեր. Վենետիկի բիենալեի ամենաուշագրավ ինստալյացիաներից մեկը՝ ֆոտոշարքով
Մայիսի 13-ին իտալական Վենետիկում մեկնարկել է քաղաքի մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ ավանդական բիենալեն, որը տևելու է մինչև նոյեմբեր:
Thisiscolossal.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է բիենալեի ամենահետաքրքիր ինստալյացիաներից մեկը՝ «Աջակցություն» կոչվող քանդակը, որը գեղագիտական հաճույք պատճառելուց զատ, իր մեջ կարևոր «մեսիջ» է կրում:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Վենետիկի ջրանցքներից մեկից վեր հառնող մեծ, ճերմակ ձեռքերի մասին է: Դրա հեղինակն իտալացի արվեստագետ Լորենցո Քուինն է, որն այսկերպ փորձում է ևս մեկ անգամ բարձրաձայնել կլիմայական փոփոխությունների կարևոր խնդրի մասին:
«Վենետիկն արվեստի քաղաք է, որը դարեր շարունակ ոգեշնչել է արվեստագետներին: Եվ որպեսզի այն շարունակի այդպիսին մնալ, մենք և ապագա սերունդները պետք է ամեն ձևով աջակցենք քաղաքին, որի գոյության համար լուրջ սպառնալիք են կլիմայական փոփոխությունները»,-նշել է իտալացին:
Նրա խոսքով՝ մարդկային ձեռքերի ընտրությունը խիստ խորհրդանշական է, քանի որ դրանցում կա փրկությանը հասնելու համար անհրաժեշտ ամեն բան՝ սեր և արարելու հզորություն:


















