Մայիսի 14-ի ընտրություններում բացակայում էր քաղաքական բաղադրիչը, ուստի բնակչությունը հետաքրքրված չէր դրանցով. սոցիոլոգ
Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության պասիվությունը միանգամայն բնական էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
Վերջինս նշեց, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններն էլ անցնում են, անցել են հանրության կողմից պասիվ վերաբերմունք ցուցաբերելով:
«Երևանի ավագանու նախորդ ընտրություններում կար մի քիչ ավելի մեծ մասնակցություն, բայց ընդհանրապես դրանք չեն գերազանցել 50 տոկոսի մասնակցության շեմը: Սա նորմալ երևույթ է ոչ միայն Հայաստանի համար, այլև եվրոպական մնացած երկրների»,- ասաց Գևորգ Պողոսյանը:
Սոցիոլոգը նշեց, որ ավագանու ընտրությունները քչերին են հետաքրքրում, որովհետև դրանց քաղաքական բաղադրիչը շատ թույլ է:
«Նախ նշեմ, որ Երևանի ավագանու ընտրությունները հաջորդեցին խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունները հոգնել էին, մարդիկ լարվել էին, մարդկային և ֆինանսական ողջ ռեսուրսները ուղղվել էին ապրիլի 2-ի ընտրություններին: Արդյունքում՝ կուսակցություններն էլ հետաքրքրություն չէին ցուցաբերել, չէին մասնակցել ընտրություններին: Բացի այդ, ավագանու ընտրությունները քաղաքական աստառ չունեն, ընտրողի համար սա քաղաքական ընտրություն չէ, ուստի հետաքրքրությունը քիչ էր: Մարդկանց մի մասն էլ համոզված էր, որ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն է հաղթելու, ուստի չգնաց ընտրության»,- մանրամասնեց Գևորգ Պողոսյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է մայրաքաղաքի բնակիչների 40․99 տոկոս կամ 345 226 անձ։ Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին քվեարկել էր Երևանի ընտրողների 58․46 տոկոսը։










