«Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա օրերին համագումար կունենա. վարչության անդամը հերքում է կուսակցության լուծարման մասին լուրերը
Tert.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ռշտուն Մարտիրոսյանի հետ զրուցել է կուսակցության ներկայիս պասիվության և հետագա գործունեության մասին: Մարտիրոսյան շեշտեց, թե կուսակցության լուծարում չի լինելու, ավելին՝ տեղեկացրեց, որ շուտով կուսակցությունը համագումար կունենա:
- Պարո՛ն Մարտիրոսյան, Երևանի ավագանու ընտրությունները կայացան, և Ձեր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խստորեն դատապարտեց ընտրությունների ընթացքը: Ինչո՞ւ մինչև բուն ընտրությունները «Ժառանգություն»-ը, որն ընդդիմադիր է համարվում, այդքան պասիվ էր, ինչո՞ւ Ձեր ընտրազանգվածին կոչով չդիմեցիք, թե ինչ մասնակցություն ունենա ընտրություններին:
- Ձեր տեղեկություններն ամբողջական չեն: Ինչպես կուսակցությունը, այնպես էլ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի նախօրեին հանդես եկան հայտարարությամբ, որով այդ ընտրություններում հաջողություններ մաղթեցին ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությանն ու «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքին: «Ժառանգությանը» օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չմասնակցեց «ԵԼՔ» դաշինքի կազմավորմանը, իսկ Զարուհի Փոստանջյանը տարաձայնությունների պատճառով լքեց կուսակցությունը և ձևավորեց իր քաղաքական միավորը: Այդ պատճառով «Ժառանգության» ընտրազանգվածն ազատ էր ընտրության հարցում այս երկու ընդդիմադիր ուժերի միջև:
- Այսօր մամուլում ակտիվ խոսվում է «Ժառանգություն» կուսակցության լուծարման մասին, քանի որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո որևէ հրապարակային գործունեություն, հայտարարություն չկա:
- Ապրիլի 2-ից հետո կուսակցությունը մի քանի անգամ հանդես է եկել քաղաքական հայտարարություններով և գնահատականերով ինչպես ընտրությունների որպիսության, այնպես էլ ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Ժառանգությանը» լուծարում չի սպասվում: Ավելին՝ այն գործելու է հնարավորինս ակտիվ և համալրված: Առաջիկա օրերին սպասվում է կուսակցության համագումարը:
- Չնայած «Ժառանգության» պասիվությանը, միևնույն է, Ձեր կուսակցությունն օգտվեց ընտրատեղամասային հանձնաժողովներում իր անդամներն ունենալու իրավունքից: Ինչո՞ւ՝ հաշվի առնելով ընտրական գործընթացի մասին Ձեր կուսակցության խիստ գնահատականները:
- Ընտրատեղամասային հանձնաժողովներում անդամներ ունենալը ոչ այնքան իրավունք է, որքան նախ և առաջ պարտականություն: «Ժառանգությունն» այս անգամ ևս հանձնաժողովի իր անդամներով ամեն ինչ արել է՝ հնարավորինս թույլ չտալու համար որևէ խախտում ընտրատեղամասերից ներս:
- «Երկիր ծիրան»-ի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ցանկանում է ազգային դիմադրության պլատֆորմ ստեղծել: Դուք կմիանա՞ք նրան, թե՞ նրա՝ կուսակցությունից դուրս գալուց հետո համագործակցության բոլոր կամուրջներն այրված են:
- «Ժառանգությունն» այս դեպքում ևս հավատարիմ է լինելու իր քաղաքական կեցվածքին և շիտակությանը: Մենք ողջունում ենք բոլոր այն քայլերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկրում օրինականության հաստատմանն ու քաղաքական մենաշնորհի վերացմանը:
- Առաջիկայում որևէ ընտրություն չի լինելու, կուսակցությունում քննարկե՞լ եք, թե ինչպես է կուսակցությունը փորձելու վերաարժևորել իր դերակատարությունը հայաստանյան քաղաքական դաշտում՝ որպես ընդդիմադիր:
- Այո՛, կուսակցությունում այժմ ակտիվ քննարկումների փուլ է: Կուսակցության վարչությունում ընդլայնված կազմով քննարկումների շարքի շուտով կհետևի ընդլայնված քաղաքական խորհրդի նիստը, որին հունիս ամսին կհաջորդի կուսակցության համագումարը: Համոզված եմ, որ «Ժառանգությունը» կորդեգրի այսօրվա հրամայականներին համարժեք ռազմավարություն և մարտավարություն: Վստահեցնում եմ, կուսակցությունը լինելու է շատ ակտիվ ու նախաձեռնողական:
- «Ժառանգություն»-ը քաղաքական պարտությունից հետո նորովի՞ պետք է կայանա, հնարավո՞ր է՝ նոր դեմքեր ընդգրկվեն կուսակցությունում:
- Այս հարցի շուրջ նույնպես քննարկումներ են ընթանում: Կարծում եմ՝ մինչև համագումարը շատ բան կհստակեցվի:










