ԱՄՆ-ում մահացել է ռուս դերասան Օլեգ Վիդովը

16:33 • 16.05.17

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 73 տարեկանում մահացել է ռուս դերասան Օլեգ Վիդովը: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է նրա կին Ջոան Բորստինը:

«Օլեգ Վիդովը՝ սիրելի ամուսինը, հայրը և ընկերը, մահացել է այսօր Կալիֆորնիա նահանգի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում՝ ուռուցքային հիվանդության հետ կապված բարդությունների հետևանքով», - ասել է Բորստինը:

Նշվում է, որ դերասանն ԱՄՆ է տեղափոխվել 1985 թվականին և չորս տարի անց ամուսնացել Ջոան Բորստինի հետ: Այնտեղ նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում:

Օլեգ Վիդովը ծնվել է 1943 թվականի հունիսի 11-ին՝ Մոսկվայի մարզի Վիդնոե քաղաքում: Նա հայտնի է «Անգլուխ ձիավորը», «Ձնաբուք», «Մոսկվա, իմ սեր», «Սովորական հրաշք», «Հեքիաթ Սալտան թագավորի մասին», «Հաջողության ջենթլմեններ» և այլ ֆիլմերի շնորհիվ:

Հայտնի է, որ 1974 թվականին Վիդովն արժանացել է ՌԽՖՍՀ Վաստակավոր արտիստի կոչմանը: