Եթե մասնակցենք` հաղթելու նպատակով. «Ելք»-ում չեն բացառում Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրելը
Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրություններում թեկնածու կառաջադրենք այն պարագայում, եթե սահմանված ժամկետում պատրաստված լինենք և ունենանք համապատասխան թիմ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Եթե մասնակցենք, ապա հաղթելու նպատակով, պարզապես սպորտային մասնակցության նպատակ չունենք, այս պահին դեռ քննարկումներ չկան»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ համապատասխան ռեսուրսներ ունենալու պարագայում պահելու են իրենց սկզբունքը ինքնակառավարման բոլոր ընտրություններին մասնակցելու մասով:
Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ այս պահին այլ հարցեր են քննարկում:
Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան » դաշինքից պատգամավոր ընտրված Արգամ Աբրահամյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Tert.am –ի հետ զրույցում Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը նշել էր, որ դեռ հայտնի չէ՝ առաջադրվելու է ընտրություններում, թե ոչ:
Արարատի մարզում ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանն էլ ընդգծել էր, դեռ հայտնի չէ, թե ՀՀԿ-ն ում թեկնածությունն է քաղաքապետի պաշտոնում առաջարկելու:










