Զինադադարի պայմանագիրը միակ իրավական փաստաթուղթն է, որը զսպող գործիք է լայնածավալ պատերազմի դեպքում. ՊՆ նախկին նախարար (տեսանյութ)

12:52 • 17.05.17

ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ մայիսի16-ին զինադադարի պայմանագրի կնքման 23-րդ տարելիցին: Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ թեև Ադրբեջանը խախտում է հրադադարը, սակայն այս պայմանագիրը հիմք է, որ լայնածավալ պատերազմ չսկսվի.

«Եթե չլիներ այս պայմանագիրը, ապա մենք չէինք ունենա խաղաղ, բանակցային գործընթաց: Պայմանագրի գործընթացը մեկ ամսում չի եղել, այլ երկար է տևել, և պատերազմի ընթացքում մի քանի անգամ փորձ է արվել հաստատել զինադադար»:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ Ադրբեջանը կնքեց զինադադարի պայմանագիրը, որ քաղաքական ճանապարհով կարողանալ լուծել այն խնդիրը, ինչը չկարողացավ անել ռազմական ճանապարհով, այն էր՝ տարածքների վերադարձ: «Արդյունքում՝ նրանք ստորագրեցին այդ փաստաթուղթը՝ մտածելով, որ այնտեղ տարածքների վերադարձ կա, ինչը չէր կարող լինել»,-ասաց նա և նշեց, որ պայմանագրի իրականացման ընթացքում իրենք իմացան, որ տարածքների վերադարձի հարց չկա:

«Սա միակ իրավական փաստաթուղթն է, որը զսպող գործիք է և բացահայտում է, թե ով է խախտում զինադադարը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատասխանատու չէ այն բանի համար, ինչ ստորագրել է: Այս պայմանագիրը կարևոր է, քանի որ ընդունված է միջազգային կազմակերպությունների կողմից: Այս պայմանագիրը հիմնական խնդիրը չի լուծում, բայց կանխում է լայնածավալ պատերազմը»,-ասաց նա ՊՆ նախկին նախարարը՝ նկատելով, որ եթե չլիներ այդ պայմանագիրը, պատերազմ կլիներ, իսկ պատերազմի ժամանակ կունենայինք ոչ թե այսքան զոհ, այլ ավելի շատ, մինչդեռ Ադրբեջանն ապրիլյան պատերազմին չօգտագործեց ավելի հզոր զենքեր, որոնք ուներ:

Ըստ ՊՆ նախկին նախարարի՝ Ադրբեջանը խուսափում է, որ Արցախը բանակցային կողմ լինի, սակայն նրան չի հաջողվում դա, քանի որ կան փաստաթղթեր, որոնց տակ արցախյան կողմն է ստորագրել: