WikiLeaks-ին տեղեկություններ փոխանցած Չելսի Մենինգն ազատ է արձակվել

17:04 • 17.05.17

WikiLeaks սկանդալային կայքին տեղեկություններ փոխանցած Չելսի Մենինգին ազատ են արձակել բանտից։ Նա ճաղերի հետևում անցկացրել է 7 տարի՝ նշանակված 35 տարվա փոխարեն: Այդ մասին հայտնում է BBC-ն:


Ամերիկյան բանակի ներկայացուցիչը հաստատել է, որ Մենինգը հեռացել է Կանզաս նահանգի Ֆորտ-Լիվենուորթ ռազմաբազայում գտնվող բանտից:


Մենինգին ամերիկյան բանակի պատմության մեջ առաջին անգամ թույլ են տվել հորմոնալ թերապիայի կուրս անցնել կին դառնալու համար և միևնույն ժամանակ մնալ ռազմաբազայի բանտում: 2014 թվականի գարնանը դատարանը նրան թույլ է տվել վերցնել Չելսի Էլիզաբեթ անունը: Մինչ այդ նա շարքային Բրեդլի Մենինգն էր:

Բրեդլի Մենինգը ձերբակալվել է 2010 թվականի մայիսին Իրաքում, որտեղ ծառայություն էր անցնում:


Զինվորականը խոստովանել է, որ WikiLeaks-ին հրապարակման համար փոխանցել է օդից արված հարվածների տեսաձայնագրությունը, որոնց հետևանքով սպանվել են խաղաղ բնակիչներ, ինչպես նաև Աֆղանստանում ու Իրաքում պատերազմի ճակատում տեղի ունեցած միջադեպերի մասին հարյուր հազարավոր զեկույցներ, Գուանտանամոյի բանտում կալանավորների մասին զեկույցներ և այլ փաստաթղթեր:


2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պաշտոնից հեռանալուց մի քանի օր առաջ մեղմացրել էր նրա պատիժը: