Փաստաբանների ծեծի դեպքով հարուցված երկու քրգործերը կքննվեն մեկ վարույթում

13:13 • 17.05.17

Փաստաբանների ծեծի դեպքով հարուցված երկու քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կողմերից փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում հաղորդման հիման վրա ծեծի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:  

«Իմ տեղեկություններով՝ գործերը մի վարույթ են միացվել, առաջիկայում կծանոթանամ նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Բացի այդ, տեղյակ եմ, որ նաև նյութեր են նախապատրաստվում իմ՝ իբր շորթման վերաբերյալ հայտարարության մասով: Այսինքն, Սիմոն Բաբայանը որոշել էր, որ ես իրեն շորթում եմ, սա «նոնսենս» է, և դեռ այն գլխից ծիծաղելի եմ համարում»,-ասաց Աթանեսյանը:

Դիտարկմանը, թե դատավարության ավարտին փաստորեն փաստաբանների կողմերից մեկը փաստաբանի արտոնագրից զրկվելու առաջ է կանգնած, Աթանեսյանն ասաց, որ արտոնագրից զրկվում է այն փաստաբանը, որ դատապարտվում է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

«Այսպես ասած, ես համոզված եմ, որ օբյեկտիվ դատաքննության դեպքում հինգն էլ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ասաց Աթանեսյանը՝ նկատի ունենալով Սիմոն Բաբայանին, Արսեն Հարությունյանին, Վրեժ Խաչիկյանին, Գևորգ Մկրտչյանին և ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:

Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքներն ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հարցադրումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:

Կողմերը տուժող են ճանաչվել: