ԱՄՆ-ում ոսկին թանկացել է 22 դոլարով` քաղաքական անորոշության պատճառով

22:25 • 17.05.17

ԱՄՆ-ում ոսկու գինը բարձրացել է, երբ քաղաքական անորոշությամբ պայմանավորված ներդրողները որոշել են ապահովագրել իրենց ակցիաները:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, թանկարժեք մետաղի մեկ ունցիան չորեքշաբթի գնահատվել է 1 258.50 դոլար` 1.79 տոկոսով կամ 22.10 դոլարով աճ գրանցելով:

Նշվում է, որ սա ոսկու արժեքի խոշորագույն աճն է մարտի 16-ից ի վեր, երբ ազնիվ մետաղի արժեքը բարձրացել էր 2.77 տոկոսով:

Վերջին գնաճը պայմանավորված է  New York Times-ի հրապարակած հոդվածով, որի համաձայն` Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմին ձայնագրել է Դոնալդ Թրամփի հետ քննարկումները, որոնց ժամանակ Թրամփը Կոմիին խնդրել է դադարեցնել իր ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի և ռուս պաշտոնյաների միջև կապերի հետաքննությունը:

Քաղաքական անորոշության պայմաններում ոսկին դրամական միջոցներն ապահովագրելու հիմնական միջոցն է: