ԱՄՆ-ում 11-ամյա հաքերը տասնյակ սմարթֆոններ է կոտրել IT փորձագետների առաջ ելույթ ունենալիս

22:57 • 17.05.17

ԱՄՆ Օստին (Տեխաս) քաղաքի 11-ամյա բնակիչ Ռուբեն Փոլը, ելույթ ունենալով ողջ աշխարհից հավաքված IT ոլորտի փորձագետների առաջ, ցուցադրել է «խելացի» փափուկ արջուկին կոտրելու մեթոդը` ստիպելով խաղալիքին ձայն արձակել և ձայնագրել դահլիճում հնչող ձայնը:

Ինչպես տեղեկացնում է Mashable-ը, 11-ամյա հաքերը ցանկացել է ցուցադրել, որ ցանկացած «խելացի» սարքավորում` «օդանավակայաններից մինչև ավտոմեքենա, սմարթֆոններից մինչև smart տներ» կարող է թիրախ դառնալ հաքերների համար:

Այնուհետև 6-րդ դասարանի աշակերտը պատմել է, որ ամենից հաճախ սարքավորումների խոցելի տեղը դառնում է Bluetooth-ընդունիչը, որով համալրված են գրեթե բոլոր տեսակի ժամանակակից գաջեթները:

Raspberry Pi համակարգչի օգնությամբ պատանի մասնագետը սկանավորել է սրահում գտնվող սարքավորումներն ու տասնյակ հեռախոսահամարների ցուցակ ձեռք բերել: Այնուհետև նա միացել է սմարթֆոններից մեկին, ձայնագրություն կատարել և խաղալիքի միջոցով այն լսելի դարձրել սրահում գտնվողների համար: