Վաղը ԱԺ-ն կորոշի մշտական հանձնաժողովների թիվն ու գործունեության ոլորտները. Հրայր Թովմասյանը չի բացառում, որ որոշները կրճատվեն

16:25 • 17.05.17

Մայիսի 18-ին ՀՀ 6-րդ գումարման ազգային ժողովը իր նիստում որոշելու է խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը և գործունեության ոլորտները:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նա չի բացառել, որ ելնելով պատգամավորների թվի կրճատումից՝ որոշ հանձնաժողովներ կրճատվեն:

«Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում է, որ առաջին նիստի ժամանակ Ազգային ժողովը պետք է որոշում ընդունի, որով կսահմանվի մշտական հանձնաժողովների թիվը, դրանց ոլորտները, անվանումները և հանձնաժողովներում պատգամավորների թիվը»,-ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ քանի որ պատգամավորների թիվը կրճատվում է և հանձնաժողովի լիազորությունների մեջ փոփոխություններ կան, ցանկալի է, որ առավելագույն թիվը՝ 12-ը, որը սահմանված է Սահմանադրությամբ, ավելի փոքրանա:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ գործառույթներով բավականին մոտ հանձնաժողովներ կան, և չեմ բացառում, որ կարող են միավորվել, բայց սա իմ կարծիքն է: Վաղը՝ նիստի ժամանակ կհասնենք այդ հարցին, իսկ դրա որոշման նախաձեռնության իրավունքը պատկանում է խմբակցություններին: Կտեսնենք, թե խմբակցությունները ինչպիսի որոշման նախագիծ են ներկայացնում և ինչ որոշում կկայացնեն»,-ասաց Թովմասյանը: