ԱՄՆ Կոնգրեսում պահանջել են հետաքննություն անցկացնել Թրամփի նկատմամբ

11:18 • 17.05.17

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները, որոնք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հարցերով հանձնաժողովի և Սենատի իրավաբանական հանձնաժողովի անդամ են, նամակ են ստորագրել, որով պահանջել են անհապաղ հետաքննություն անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և Սպիտակ տան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին հայտնում է The Hill-ը:


Ինչպես նշվում է՝ երկու հանձնաժողովների նախագահներին ուղղված նամակը ստորագրել են այդ հանձնաժողովների անդամ բոլոր 33 դեմոկրատները:


«Մենք դիմում ենք վերահսկողության հարցերով հանձնաժողովին և իրավաբանական հանձնաժողովին՝ խնդրելով անհապաղ համատեղ հետաքննություն սկսել առ այն, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա բարձրաստիճան պաշտոնյաները ներգրավված են շարունակվող դավադրության մեջ, որի նպատակն է խոչընդոտել Հետաքննությունների դաշնային բյուրոյի, արդարադատության նախարարության և Կոնգրեսի կողմից նրա նախագահական արշավի անդամների և ռուս պաշտոնյաների հետ նրանց կապերի վերաբերյալ իրականացվող հետաքննություններին»,- ասված է նամակում:


ԱՄՆ-ում հետաքննություն է անցկացվում Ռուսաստանի կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ արտաքին միջամտության վերաբերյալ: