Թրամփը խնդրել է ՀԴԲ նախկին ղեկավարին ավարտել Մայքլ Ֆլինի նկատմամբ հետաքննությունը. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին ավարտել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի և Ռուսաստանի միջև հնարավոր կապի վերաբերյալ հետաքննությունը։ Այս մասին հայտնել է աղբյուրը, որը տեսել է Կոմիի կողմից գրված արձանագրությունը, գրում է Reuters-ը:
Այս սկանդալային նոր զարգացումը տեղի է ունեցել Սպիտակ տանն աղմկահարույց շաբաթվանից հետո, որի ընթացքում Թրամփը հեռացրել է պաշտոնից Կոմիին, իսկ ավելի ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկատվություն փոխանցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ Վաշինգտոնում նրա հետ հանդիպման ընթացքում:
Կոմիի արձանագրությունը, որի մասին առաջին անգամ հայտնել է The New York Times-ը, տագնապ է առաջացրել ԱՄՆ Կոնգրեսում և հարցեր առաջացրել այն մասին, թե արդյոք Թրամփը փորձել է միջամտել դաշնային հետաքննությանը:
Սպիտակ տունը շտապել է հերքել այդ արձանագրությունը՝ նշելով, որ այն «նախագահի և պարոն Կոմիի միջև տեղի ունեցած զրույցի ճիշտ նկարագրությունը չէ»:
Կոմին գրել է արձանագրությունը փետրվարի 14-ին Ֆլինի հեռացումից մեկ օր անց Թրամփի հետ ունեցած հանդիպումից հետո:
«Հուսով եմ՝ դու կարող ես ավարտել այն»,- ասել է Թրամփը՝ արձանագրության բովանդակությանը ծանոթ աղբյուրի համաձայն:










