Բրիտանացի ճարտարապետ, որի ձեռքերում շենքերը «հալչում», «թռչում» և «ցած են հոսում» (լուսանկարներ)
Բրիտանացի ճարտարապետ Ալեքս Չինեկը հրաշագործ է ճանաչվել իր հայրենիքում. նրա հեղինակած ինստալյացիաներն ապշեցնում են իրենց բացառիկ և արտասովոր դիզայնով: Չինեկի աշխատանքներն այնքան ճկուն տեսք ունեն, որ թվում է՝ դրանք կարող են հալչել և ցած հոսել:
Bigpicture-ը գրում է, որ 2012 թվականին Չինեկն արել է իր խոշորագույն ինստալյացիաներից մեկը՝ «Ճշմարտությունն ասել կեղծ ատամների արանքով»: Նա աշխատել է լքված գործարանի շենքի վրա՝ կոտրելով դրա ապակիները: Առաջին հայացքից ոչ մի առանձնահատուկ բան չի երևում, սակայն երկրորդ անգամ նայելուց հետո պարզ է դառնում. գործարանի ավելի քան 300 պատուհաններից յուրաքանչյուրը ջարդված է նույն ձևով:
Հաջորդ տարի Չինեկը տեսողական պատրանք է ստեղծել Մարգիտ քաղաքում. տան ճակատային մասը կարծես թափվում է ասֆալտի վրա և փռվում շենքի դիմաց:
«Սիրում եմ աղավաղել առօրեականությունը, սակայն ընդունում եմ, որ ի տարբերություն այլ արվեստագետների՝ իմ աշխատանքներում որևէ խորը գաղափար չկա: Այս նախագծերը հիմնված չեն որոշակի գաղափարի վրա, և ոչ մի բան հաղորդելու նպատակ չունեն: Ես ուզում եմ զարմացնել ու մի քիչ ուրախացնել մարդկանց», - ասել է ճարտարապետը:
Նշվում է, որ Չինեկի բոլոր ինստալյացիաները ժամանակավոր են, և այժմ դրանք կարելի է վայելել միայն լուսանկարների միջոցով:




















