ՀՀ դեսպանի գլխավորությամբ եվրոպացի դեսպանները հանդիպել են Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

19:54 • 18.05.17

Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ որպես եվրոպական երկրների դեսպանների դուայենի, գլխավորությամբ հանդիպում ունեցան Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման օրակարգում էին յուրաքանչյուր երկրի հետ Կանադայի երկ ողմ հարաբերությունների արդի զարգացումներից բացի նաև առևտրին և միգրացիային ու փախստականներին վերաբերող հարցերը: Հանդես գալով ելույթով` դեսպան Եգանյանն անդրադարձավ փախստականներ ընդունելու և նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին, նշելով, որ Սիրիայից շուրջ 20000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

Դեսպանը նաև ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց 2018թ. Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Հանդիպման ընթ ցքում նախանշվեց հետագա հանդիպումներին քննարկվելիք հարցերի օրակարգը»: