Արդեն 4-րդ անգամ եմ մանդատ ստանում, այնպես որ քաջ տեղյակ եմ և շարունակելու եմ աշխատել. Ռաֆիկ Գրիգորյան (տեսանյութ)

20:26 • 18.05.17

ՀՀԿ պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ուրախ է, որ վերադարձել է Ազգային ժողով:

Հարցին, թե մարզում կան աշխատանքներ, որ կիսատ մնացին ԱԺ գալով` Գրիգորյանը պատասխանեց, որ աշխատանքները շարունակական են և ինքը շարունակելու է մարզին նաև խորհրդարանից աջակցել:

Թե ինչ է առաջինը պատրաստվում անել խորհրդարանում՝ ՀՀԿ պատգամավորը նշեց, որ  կանոնակարգ օրենքով շարժվելու են առաջ: Նա ասաց, որ տեղյակ է, թե որ հանձնաժողովն է ներկայացնելու, բայց չշտապեց այդ մասին հայտնել:

«Դեռ շուտ է դրա մասին խոսել, ես չեմ շտապում, ես առաջին անգամ չէ, որ խորհրդարանում եմ, արդեն 4-րդ անգամ եմ մանդատ ստանում, այնպես որ քաջ տեղյակ եմ և շարունակելու եմ աշխատել»,-ասաց նա:

Հարցին՝ նոր 6-րդ գումարման խորհրդարանը նախորդներից տարբերվո՞ւմ է, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, թե կաշխատեն՝ կտեսնենք: «Չեմ կարող գնահատել, դեռ շուտ է»:

Նա ասաց, որ ԱԺ նախագահի փոփոխությունն իր սրտով է:

Հարցին՝ համակարծի՞ք է այն տեսակետների հետ, թե ՀՀԿ-ն կադրային խնդիր ունի և ավագ սերունդը հիմնական մասն է կազմում խմբակցության, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, որ համամիտ չէ և օրինակ բերեց, թե ԱԺ նախագահի քանի թեկնածուների անուն էր շրջանառվում:

«Դուք ինքներդ համոզվեցիք, որ ընդհանրապես ապագա ԱԺ նախագահի անունը չէր շրջանառվում, շրջանառվում էին բազմաթիվ թեկնածուների անուններ, այնպես որ նման խնդիր չունի ՀՀԿ-ն»: