Soundgarden-ի վոկալիստ Քրիս Քորնելի մահը դիտարկվում է որպես ինքնասպանություն

16:45 • 18.05.17

Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելի մահը դիտարկվում է որպես ինքնասպանություն: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքի իրավապահ մարմիններին:

Դետրոյթի ոստիկանության մամուլի քարտուղար Մայքլ Վուդիի խոսքով՝ ինքը չի կարող մանրամասներ տրամադրել այն մասին, թե ինչն է քննիչներին բերել այդ վարկածին: Նա նշել է, որ դեպքի վայրում «դա հուշող բաներ են նկատվել»:

Վուդին նաև հայտնել է, որ Քորնելը մահացել է MGM Grand Detroit հյուրանոցում: Երաժշտի կինը զանգահարել է ընտանիքի ընկերոջն ու խնդրել ստուգել իր ամուսնու վիճակը: Ընկերն ուժով բացել է հյուրանոցային համարի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել Քորնելի մարմինը:

Հիշեցնենք, որ Դետրոյթ քաղաքում 52 տարեկանում կյանքից հեռացել է Soundgarden գրանժ խմբի վոկալիստ և կիթառահար Քրիս Քորնելը: Նշենք, որ նա է կատարել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի երգը:

 

 

Soundgarden-ի վոկալիստ Քրիս Քորնելի մահը դիտարկվում է որպես ինքնասպանություն