Թուրքական դատարանը պահանջել է զրկել Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից

09:46 • 18.05.17

Թուրքական դատարանը պահանջում է վերացնել Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը, այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:

Դատարանը Փայլանին մեղադրում է անցյալ տարվա մարտին Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանում թուրք լրագրողներ Ջան Դյունդարի և էրդեմ Գյուլի գործով դատավարության ընթացքում դատական գործընթացի գաղտնիությունը խախտելու համար:

Դատախազը պնդել է, որ դահլիճից դուրս չգալով՝ հայազգի պատգամավորը խոչընդոտել է դատավարության բնականոն ընթացքին և խախտել դրա գաղտնիության կանոնը:

Հայտնի է, որ Կարո Փայլանի վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունն արդեն ուղարկել է Թուրքիայի խորհրդարան` պահանջելով հաստատել այն խորհրդարանի նախագահության կողմից:

Կայքի հետ զրույցում Փայլանը նշել է, որ հատկապես սահմանադրական փոփոխությունների հաստատումից հետո Թուրքիայի արդարադատության համակարգն ամբողջովին գործում է իշխանություններին հաճոյանալու համար, և իշխանությունների կողմից դատական գործընթացներին միջամտության պահանջն օրենքով ընդունվելուց հետո խորհրդարան է ուղարկվել 61 նման որոշում` հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու պահանջով: