Գյումրիում իր տան խոհանոցում հայտնաբերվել է առանձնակի դաժանությամբ սպանված երիտասարդի դին

09:22 • 18.05.17

Մայիսի 18-ին ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ տևական ժամանակ է` Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 Ա շենքերից մեկում բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Փրկարարները, բացելով տան դուռը, բնակարանի խոհանոցում հայտնաբերել են բերանքսիվայր ընկած տղամարդու դի՝ բռնության հետքերով:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Արթուր Հ.-ն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան սուր կտրող-ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր: Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են: