Ստամբուլում այսօր կբացվի Հրանտ Դինքի «հիշողության անկյունը» (լուսանկար)

10:18 • 18.05.17

«Հույսն ապրում է, երբ մարդիկ հիշում են». այս կարգախոսով է առաջնորդվում Հրանտ Դինքի անվան հիմնադրամը, որի նախաձեռնությամբ 2007թ.-ին սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հիմնած «Ակօս» հայկական պարբերականի նախկին խմբագրատունը վերածվել է «հիշողության անկյունի»։

Ինչպես հայտնում է «Ակօսը», Հրանտ Դինքի «հիշողության անկյունը» կբացվի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը։

Նշենք, որ հենց այս խմբագրատան դիմաց է սպանվել Դինքը 2007թ.-ի հունվարի 19-ին: 

Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայի վրա գտնվող «Ակօսի» հին խմբագրատան տարածքը որպես խմբագրություն է ծառայել 1999թ.-ից մինչև 2015թ.-ը:

Հրանտ Դինքը սպանվել է 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:



Ստամբուլում այսօր կբացվի Հրանտ Դինքի «հիշողության անկյունը» (լուսանկար)