Ընդդիմություն-մեծամասնություն առաջին վեճը 6-րդ գումարման ԱԺ-ում. «Ելք»-ը համաձայն չէ Հաշվիչ հանձնաժողով ընտրելու ՀՀԿ առաջարկի հետ

12:50 • 18.05.17

Պատգամավորների երդումից ու ԱԺ պատգամավորների անունները, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ հատ-հատ ընթերցելուց հետո, իրականացվեց գրանցման գործընթաց:

Երբ նիստը վարողը կարդում էր պատգամավորների անունները, նրան հերթով ոտքի էին կանգնում: Նիստը վարող՝ ամենաավագ պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարեց՝ քվորում կա:

Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի 33-րդ հոդվածի՝ նիստը նախագահողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը: Այն է՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Կնյազ Հասանովը հիշեցրեց, որ առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝Կանոնակարգի 37-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:

ԱԺ-ում նաև վարման կարգի հետ կապված վեճ տեղի ունեցավ. մինչ Կնյազ Հասանովը հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողվում ՀՀԿ-ն կունենա 5 անդամ, «Ծառուկյան կուսակցությունների դաշինք» խմբակցությունը՝ 2 , իսկ «Ելք կուսակցությունների դաշինք» և ՀՅԴ խմբակցությունները՝ 1-ական, «Ելք կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայն չեն հաշվիչ հանձնաժողովում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների բաշխմանը և առաջարկում են, որ յուրաքանչյուր խմբակցությունից ներկայացված լինեն հավասար թվով պատգամավորներ, այսինքն՝ 2-ական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից:

Նույն խմբակցությունից էլ Արտակ Զեյնալյանն էլ իր կողմից հավելեց, որ թեև ԱԺ մեծամասնությունը կարող է քվեարկել այնպես, որ իրենց որոշումը չընդունի, բայց առաջարկեց մտածել՝ միգուցե իրենց ասածը ճշմարտությո՞ւնն է: