Թրամփի շտաբը նախագահական քարոզարշավի ընթացքում 18 շփում է ունեցել ռուսական կողմի հետ. Reuters
Լուսանկարում՝ Թրամփն ու ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը
Հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը հրապարակել է էքսկլյուզիվ նյութ՝ պնդելով, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամները նախագահական մրցապայքարի ընթացքում ակտիվ կապի մեջ են եղել ռուս պաշտոնյաների ու Կրեմլի ներկայացուցիչների հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 70-ամյա ղեկավարի թիմակիցներն առնվազն 18 անգամ հեռախոսով զրուցել ու էլեկտրոնային նամակներ են ուղարկել ռուսական կողմին: Այդ ամենն արվել է նախագահական մրցապայքարի վերջին 7 ամսվա ընթացքում:
Նշվում է, որ հեռախոսազանգերն իրականացվել են Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կիսլյակի և ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի, ինչպես նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի միջև:
Մյուս հեռախոսազանգերի իրականացման և էլեկտրոնային նամակների ուղարկման հարցում ներգրավված են Կիսլյակը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ անձինք ու Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդականները: Նրանց թվում է հայտնի օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկը, որի դստեր կնքահայրը Պուտինն է: Նշվում Է, որ օլիգարխն արդեն հերքել է այս պնդումը:
Reuters-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Թրամփին մեղադրել են Ռուսաստանի հետ կապի մեջ լինելու համար: Այժմ ՀԴԲ-ն և Կոնգրեսը փորձում են զբաղվել հարցի հետաքննությամբ ու պարզել՝ կարող էր արդյոք ռուսական կողմը միջամտել ընտրությունների ընթացքին ու ազդել դրանց ելքի վրա:
Հայտնի է նաև, որ պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփն ու նրա վարչակազմը ժխտել են Ռուսաստանի հետ կապի մեջ լինելու մասին մեղադրանքները:










