Արա Բաբլոյանը կկարողանա մեկ սեղանի շուրջ նստեցնել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց. Հրայր Թովմասյան
ԱԺ«Հանրապետական» խմբակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնին առաջադրել է Արա Բաբլոյանին: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի խոսքով՝ Արա Բաբլոյանը կկարողանա մեկ սեղանի շուրջ նստեցնել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց:
«Կցանկանայի մեկ ասպեկտի անդրադառնալ, թե ի՞նչ ենք ակնկալում ԱԺ նախագահի թեկնածուից: Նախորդ գումարումների ԱԺ նախագահները եղել են ընկալման մեջ մեծամասնության ներկայացուցիչներ, մեծամասնության նախագահողներ, ուստի իրենց վարքագծում եղել են այս դրսևորումները: Ոչ մեկ սա չի կարող հերքել: Բայց պառլամենտական կառավարման համակարգում ԱԺ նախագահի գործառույթը այլ է, փոխվել է փիլիսոփայությունը»,- ասաց նա:
Թովմասյանը նշեց, որ խորհրդարանի նախագահը պետք է ապահովի ԱԺ բնականոն գործունեությունը և քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնի, իսկ սա լավագույնս կարող է անել իրենց թեկնածուն:
«Պարոն Բաբլոյանը թե՛ այս դահլիճում, թե՛ հանրային ընկալման մեջ, որպես հեղինակություն ունեցող մարդ, բժիշկ, այդպիսին է: Վստահ եմ, որ նրա պաշտոնավարման ժամանակ նա կկարողանա իր հեղինակությամբ, ազդեցությամբ լինել այն մարդը, ով կկարողանա սեղանի շուրջ նստեցնել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց»,- նշեց Հրայր Թովմասյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը ասաց, որ հարգանքով է մոտենում նաև ԱԺ նախագահի՝ «Ելք» դաշինքի թեկնածուին: Նա նշեց, որ վերջինս իր ելույթում խոսում էր քաղաքական հանդուրժողականությունից, այնինչ իր թիմը առաջին նիստի առաջին րոպեին ցուցաբերեց անհանդուրժողականություն:
«Այդ հանդուրժողականության առաջին քայլը կլիներ, որ ամբողջ կազմով ներկա լինեինք այս ամբողջ պրոցեսներին: Սա չի նշանակում, որ ընդունելու էինք այն, ինչ այստեղ ասվում է կամ որ բոլորը ճիշտ է ասվում- ասաց նա:
Նշենք, որ «Ելք»-ը բոյկոտեց ԱԺ առաջին նիստի առաջին հատվածը:










