WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ փաստաթղթերի նոր մասնաբաժինը

16:25 • 19.05.17

WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող Vault 7 անվանումով գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Կեսգիշերից հետո» (AfterMidnight) և «Մարդասպանը» (Assassin) կիբեռլրտեսության գործիքների մասին փաստաթղթերի նախորդ փաթեթը հրապարակվել էր մայիսի 12-ին:


Հերթական հրապարակումը նկարագրում է ԿՀՎ-ի կողմից «Աթենք» (Athena) անվանումը ստացած նախագիծը: Ծրագիրն ապահովում է համակարգի հեռակառավարումը, նեղ մասնագիտացված վնասակար ծրագրերի բեռնումը վարակված համակարգչում և դրանից ֆայլերի փոխանցումը: Ծրագիրն աշխատում է Microsoft օպերացիոն համակարգերով և ստեղծվել է ԿՀՎ-ի կողմից Siege Technologies ընկերության հետ համատեղ:


WikiLeaks-ը ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը հրապարակել է մարտի 7-ին, հաղորդվում էր, որ փաստաթղթերի փաթեթի հրապարակումը լինելու է հետախուզական գերատեսչության գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը: