Բունդեսլիգայի հանդիպումն առաջին անգամ կին գլխավոր մրցավար կսպասարկի
38-ամյա ոստիկան Բիբիանա Շտայնհաուսը որպես գլխավոր մրցավար կաշխատի Գերմանիայի Բունդեսլիգայի 2017/2018 մրցաշրջանի ժամանակ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը, երկրի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ այդ պաշտոնում կին մրցավար հանդես կգա:
Հաջորդ մրցաշրջանի մրցավարների ցուցակը հրապարակվել է մայիսի 19-ին: Շտայնհաուսի հիմնական աշխատավայրը Հանովեր քաղաքի օրինապահ մարմինն է:
1999-ից ի վեր նա հանդիսանում է Գերմանիայի ֆուտբոլային միության մրցավար: Նախկինում նա աշխատել է երկրի երկրորդ դիվիզիոնի հանդիպումների ժամանակ, ինչպես նաև սպասարկել է կանանց աշխարհի առաջնությունների հանդիպումները:










