Երաժիշտ Քրիս Քորնելի ընտանիքը վիճարկել է նրա ինքնասպանության վարկածը
Ամերիկացի երաժիշտ, Soundgarden խմբի վոկալիստ Քրիս Քորնելի ընտանիքը վիճարկում է նրա ինքնասպանության վարկածը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ռոք երաժշտի հարազատները հայտարարություն են հրապարակել` պնդելով, որ առանց տոքսիկոլոգիական փորձաքննության արդյունքների իրենք չեն կարող վստահ լինել, թե ինչն է հանդիսացել Քորնելի մահվան պատճառը, և արդյոք նրա մահվան հետ կապ ունեն որևէ նյութեր, թե ոչ:
Իրավաբան Քրիս Պազիչի խոսքով` Քորնելին հանգստացնող դեղահաբեր էին դուրս գրվել, որոնք որոշակի կողմնակի ազդեցություն են ունեցել:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ դատաբժշկական փորձագետները հաստատել են, որ Քորնելը ինքնասպանություն է գործել` կախվելու միջոցով:
Հիշեցնենք, որ «Խոստումը» երգի հեղինակ և կատարող Քրիս Քորնելին անգիտակից վիճակում չորեքշաբթի հայտնաբերել են Դետրոյթի MGM Grand հյուրանոցի լոգարանում: Նույն օրը երգիչը ելույթ էր ունեցել Դետրոյթում իր խմբի հետ միասին:










