Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում ապաստան ստանալու պայմանները խստացնելու օրինագծին
Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել ապաստան ստանալու և անձանց արտաքսման պայմանները խստացնելու կառավարության օրենքի նախագծին, հայտնում է Deutsche Welle լրատվական գործակալությունը:
Ըստ օրինագծի տեքստի՝ սահմանափակումները կազդեն առաջին հերթին այն անձանց վրա, ովքեր իշխանություններին միտումնավոր կեղծ տեղեկություն են հաղորդել իրենց ինքնության կամ ազգության մասին, և ենթակա են պոտենցիալ արտաքսման:
Օրինագծի մեկ այլ կետ վերաբերում է այն անձանց, ովքեր կատարել են լուրջ հանցագործություններ կամ այլ զանցանքներ: Երկրի անվտանգությանը պոտենցիալ սպառնացող անձինք ստիպված կլինեն հատուկ էլեկտրոնային ապարանջաններ կրել ոտքին:
Բացի այդ, Գերմանիայի Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակը կարող է մուտք ստանալ դեպի այն մարդկանց բջջային հեռախոսները, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթղթեր:
Օրինագծի ընդունումն արդեն իսկ ողջունել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերը: «Մեր քաղաքականությունը հստակ է: Աջակցություն և ինտեգրում նրանց համար, ովքեր կարիք ունեն պաշտպանության, և կոշտ պատասխան նրանց, ովքեր այդ պաշտպանության կարիքը չունեն և հատկապես նրանց, ովքեր խաբում են, հնարքների են դիմում և հանցագործություններ են կատարում», - ասել է ներքին գործերի նախարարը:
Միգրանտների թիվը, ովքեր ապաստան են խնդրել Գերմանիայում 2016 թվականին կազմել է 280 հազար մարդ, իսկ 2015 թ-ին երկիր է մուտք գործել 890 000 փախստական:










