Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը համաձայնեցված չէ Սահմանդրությանը. Գևորգ Գորգիսյան

17:41 • 19.05.17

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն առաջինը ԱԺ-ում ներկայացրեց իր աշխատանքների տեսլականը:

«Առողջապահությունը քաղաքական, իրավական, գիտական, տնտեսական, սոցիալական, կրթական, բժշկական, սանիտարհիգիենիկ, համաճարակային և մշակութային բնույթի միջոցառումների համադրում է, որն ուղղված է քաղաքացու ֆիզիկան և հոգևոր առողջության պահպանմանը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ուղղակի մոտեցում է պետք, որպեսզի երկիրը առողջապահական նորմալ համակարգ ունենա: 

Իսկ սոցիալական իմաստով ըստ նրա, պետք է այնպես անել, որ քաղաքացին, երբ որ եկավ սոցիալական ապահովության ծառայություն, մեկ դիմում գրելով կարողանա ապահովել իր իրավունքները: «Սա է մեր իրական նպատակը և այս ճանապարհով էլ գնում ենք առաջ»,-ասաց նա և հույս հայտնեց, որ առաջիկայում հենց այդպես էլ կլինի:

«Ելք»  խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, սակայն, նշեց՝ միշտ չէ, որ օրինակ թոշակառուն կարող է դիմում գրել՝ այս կամ այն պատճառով: Հակոբ Հակոբյանը շեշտեց՝ եթե կարողանան հասնել նրան, որ, իսկապես, մեկ դիմումով քաղաքացին կարողանա ստանալ թոշակ, դա արդեն մեծ առաջընթաց կլինի: Ըստ նրա, քաղաքացին կարող է օգտվել իր իրավունքից կամ չօգտվել:

Հարց ուղղեց նաև «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա հարցրեց, թե ինչ նպատակներ կան Կուտակային կենսաթոշակների հետ կապված, որը համաձայնեցված չէ Սահմանադրությանը: Նա նաև հարցրեց, թե արդյոք մայրության նպաստի համար փոփոխություններ նախատեսվում է: «Որովհետև մայրանալու համար պատժի ենք ենթարկում կանանց՝ նրանց եկամուտները կրճատելով»,-ասաց նա և անդրադարձավ պոլիկլինիկաների վատ վիճակին:

Հակոբ Հակոբյանը նշեց, թե կա միջին աշխատավարձի հաշվարկ, ըստ որի էլ տալիս են մայրական նպաստ։ Բացի այդ, նույնիսկ մայրական խնդրի լուծման համար 30 000 չաշխատող կանանց փոխհատուցել են՝ նպաստ սահմանելով:

Պարտադիր կուտակայինի հարցով նա չհամաձայնեց Գորգիսյանի հետ և ասաց, որ ՀՀ օրենսդրությունը Սահմանադրությանը համաձայնեցված է, և այս ոլորտն իր գործառույթը կատարում է, որի արդյունքում 160 000 մասնակիցներ կան և որոշակի գումար է հավաքված:

Հակոբ Հակոբյանը պոլիկլինիկաների հարցով ասաց, որ մեր երկրում գործող պոլիկլինիկաներն առաջիկայում պետք է վերազինվեն համապատասխան տեխնիկական միջոցներով, որպեսզի հիվանդը ստիպված չլինի գնալ հիվանդանոց, այլ իր բուժումն ստանա հենց պոլիկլինիկայում:

Գևորգ Գորգիսյանն արձագանքում, այդուհանդերձ, պնդեց, որ իրականում կուտակային կենսաթոշակների մասին օրենքը համաձայնեցված չէ Սահմանադրությանը և նշեց, որ դրա մասին առանձին կքննարկեն:

Հիշեցնենք, որ Գևորգ Գորգիսյանը հայտնի է «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունից, որը պայքարում է պարտադիր կուտակային կենսաթոշակների ներդրման դեմ: