Ինչ պատահեց Պոնտոսի հույներին. այսօր պոնտոսցի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Մայիսի 19-ը համարվում է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որը նշվում է աշխարհի տարբեր երկրներով սփռված պոնտացիների համայնքների կողմից։
Այժմյան Թուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ պատմական Պոնտոսի տարածքում, ավելի քան 3000 տարի ապրած հույները հիմնականում բնակվել են Տրապիզոնի, Սամսունի, Գիրեսունի, Թոքաթի, Օրդուի, Ամասիայի տարածքում։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մինչ Առաջին համաշխարհային պատերազմն Օսմանյան կայսրությունում պոնտոսցի հույների ընդհանուր թիվը եղել է շուրջ 1.5 մլն, մինչդեռ արդեն 1924թ.-ին Փոքր Ասիայի ամբողջ տարածքում նրանց թիվը նվազել է մինչև մի քանի հազար։
Մի շարք թուրքաբնակ ուսումնասիրողներ և պատմաբաններ խոսում են մոտ 353 000 կոտորված հույնի մասին։
Ըստ ուսումնասիրող Թունջայ Յըլմազի՝ դեռևս անհայտ է մնում 1 մլն-ից ավելի պոնտոսցի հույների ճակատագիրը, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, Հունաստանի և Թուրքիայի միջև բնակչության փոխանակման տարիներին բնակեցվել են Հունաստանի նախկին թուրքաբնակ տարածքներում, սակայն խնդրի շուրջ հստակ ուսումնասիրություններ և թվեր չկան։
Ըստ Յըլմազի՝ անհայտ է, թե այդ փոխանակման արդյունքում քանիսն են հասել Հունաստան, իսկ քանիսը կոտորվել ճանապարհին կամ իսլամացվել ու մնացել Թուրքիայում։
Հայտնի է, որ տեղի հույն բնակչության կոտորածների ու աքսորի հետևանքով ամբողջովին թուրքացվել են այժմյան Թուրքիայի Սև ծովի շրջանը, ինչպես նաև երկրի կենտրոնական հատվածի մի շարք շրջաններ, ինչպիսիք են Քյութահյան, Կեսարիան, Կոնիան և այլն։
Թուրքական devrimcikaradeniz կայքի ուսումնասիրության համաձայն՝ 1914-1922թթ. թուրքական իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ Գիրեսունում, Ամասիայում և Սամսունում սպանվել է 134 000-ից ավելի հույն, շուրջ 65 000-ը կոտորվել են Թոքատում, մոտ 39 000-ը՝ Տրապիզոնում, 27 200-ը՝ Նիկսարում, 17 500-ը՝ Մաչկայում և շուրջ 21 500-ը՝ Շեպինկարահիսարում։

Devrimcikaradeniz-ի ուսումնասիրողները խոսում են նաև 50 000 հույնի մասին, որոնք կոտորվել են աքսորի ճանապարհին։
Ուսումնասիրող Թունջայ Յըլմազն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ պոնտոսցի հույների ցեղասպանության մեկնարկը փաստացի տրվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի հանրապետության հիմնադիր, այն ժամանակ դեռ գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն այցելում է պոնտական Սամսուն քաղաք, ըստ պաշտոնական պատմագրության, Թուրքիան բրիտանական իմպերիալիստների ձեռքից փրկելու համար։
«Աթաթուրքը Սամսուն հասնելուն պես առաջինը հանդիպում է Թոփալ Օսմանին։ Հենց այդ մարդու ձեռքերի վրա է դրոշմված հարյուր հազարավոր պոնտոսցիների արյունը», - գրում է Յըլմազը՝ հավելելով, որ Աթաթուրքի նպատակը ոչ թե բրիտանացիների դեմ պայքարն էր, այլ երկիրն ամբողջությամբ թուրքացնելու ծրագրի մեկնարկը տալը։
«Հենց այդ նպատակով ստեղծված կենտրոնական բանակի հրամանատարն էլ Սաքալլը Նուրեթթինն էր, ով ժամանակաշրջանի մեկ այլ ցեղասպան դեմքն էր։ Քոչգիրի կոտորածներից մինչև Զմյուռնիայի հրդեհ նրա մատը խառն է», - շարունակում է Յըլմազը։ 
Հենց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի՝ դեպի Սամսուն ճանապարհ ընկնելու տարեթիվը՝ մայիսի 19-ն էլ ընդունված է հիշատակել որպես պոնտոսցի հույների ցեղասպանության օր։
Ծագումով պոնտացի պատմաբան Սաիթ Չեթինօղլուն իր հերթին հույների ցեղասպանության բուն շրջանը համարում է 1916-ից 1922 թվականը։
«Պոնտոսցի հույների ցեղասպանությունն իրենից ներկայացնում է 1916թ.-ից մինչև 1922թ տևած սարսափելի արյունալի մի ժամանակաշրջան։ Հույներին Օսմանյան բանակի շարքերը զորակոչելով՝ նրանց սկսել են օգտագործել որպես բանվորներ ճանապարհաշինական աշխատանքներում կովկասյան և այլ ճակատներում։ Հազարավոր հույն զինվորներ՝ ճիշտ այնպես, ինչպես հայերը, ցրտից, սովից և հիվանդություններից մահացան։ Հույների տների վրա հարձակվում էին ապստամբների զենք գտնելու պատրվակով, հույն տղամարդիկ ու կանայք այդ ընթացքում ենթարկվում էին անասելի կտտանքների։ Հույն աղջիկներին՝ ճիշտ այնպես, ինչպես հայ աղջիկներին, առևանգում ու փակում էին իրենց հարեմներում, իսկ տղա երեխաներին թուրքացման նպատակով բաժանում մահմեդականներին», - գրում է Չեթինօղլուն, ով պոնտացի հույների ցեղասպանության մասին իր «Թուրքիայի հանրապետության ցեղասպան ավանդույթն ու պոնտացիների ցեղասպանությունը» լայնածավալ հոդվածում ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հույների ցեղասպանության գլխավոր դերակատարները հաճախ այն նույն անձինք էին, որոնք իրենց ակտիվ դերն են ունեցել հայերի բնաջնջման գործում։
«Շատ խոսուն է այն փաստը, որ երիտթուրքերի շարքերից Բահաեդդին Շաքիր բեյը, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչների թվում առանցքային կերպար էր, 1916թ.-ի դեկտեմբերին ժամանում է Պոնտոս՝ Սամսուն քաղաք։ Նրա ժամանելուն պես գործի է դրվում հույների աքսորի ծրագիրը», - գրում է Չեթինօղլուն՝ հղում անելով հույն հեղինակներից Ստեֆանոս Երասիմոսի «Ազգեր և սահմաններ» գրքին։
Ի դեպ, բազմաթիվ թուրքաբնակ ուսումնասիրողներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ հույների ցեղասպանությունն ու դրա հիշատակման օրը մոռացնել տալու համար քեմալականները մայիսի 19-ը հայտարարել են Թուրքիայում երիտասարդության և սպորտի օր։











