Ռուսաստանը կասկածելի խորհուրդների կարիք չունի. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանն ի պատասխան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը տարակուսանքով է ընդունել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հայտարարությունները դաշնային օրենսդրության բազմաթիվ խախտումների պատճառով «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության գրանցումը չեղարկելու վերաբերյալ ՌԴ գերագույն դատարանի որոշման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Ուշադրություն ենք դարձրել ռուսական ներքին քաղաքականության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի ելույթին, հնչել են մեր երկրում «ազգամիջյան հարաբերությունների հավասարակշռության, բարեփոխումների հայեցակարգի ու միջմշակութային երկխոսության հեռանկարների» մասին խոսքեր: Կարծում ենք՝ նման հայտարարությունները տեղին չեն: Ռուսական հասարակական կազմակերպության նկատմամբ ռուսական դատարանի որոշումը որպես Ադրբեջանի նկատմամբ «ոչ բարեկամական քայլ» գնահատելը տարօրինակ է թվում»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ ցավալի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին օգտագործում է և հրապարակավ հնչեցնում «հայկական հետքի» մասին մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված վարկածները:
«Մենք ինչ-որ կասկածելի խորհուրդների կարիք չունենք, թե ինչպես մեր սեփական երկրում կառուցենք միջէթնիկ հարաբերությունները: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ յուրաքանչյուրի իրավունքներն ապահովվում են և պաշտպանվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից: Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմաններն ինքնակազմակերպման և ազգային-մշակութային հասարակական միավորումների լիարժեք գործունեության համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ՝ դրա կանոնադրության՝ ռուսաստանյան օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով:










