Ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոթբուքի մեջ ռումբի տեղադրումը միայն ժամանակի հարց է. ՄԱԿ

10:05 • 19.05.17

Ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոթբուքերի և պլանշետների մեջ թաքցրած պայթուցիկ սարքերի կիրառումը փաստացիորեն անխուսափելի է, և միայն ժամանակի հարց է: Այդպես են կարծում ՄԱԿ-ի հակաահաբեկչական հանձնաժողովում, գրում է korrespondent.net-ը:


«Հարցը պետք է այսպես դնել՝ ոչ թե տեղի կունենա՞ դա, այլ ե՞րբ դա տեղի կունենա»,- հայտարարել է ՄԱԿ-ի հակաահաբեկչական հանձնաժողովի գործադիր տնօրեն Ժան-Պոլ Լաբորդը:


Լաբորդի կարծիքով՝ եվրոպական ավիաչվերթներում պայթյունների կազմակերպման վտանգը բավականին լուրջ է: Նա բացատրել է, որ եվրոպական երկրների համար մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայից և Իրաքից Եվրոպա վերադարձող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները:


ՄԱԿ-ի հակաահաբեկչական հանձնաժողովի ղեկավարը կարծիք է հայտնել, որ սահմանված միջոցները չնայած նվազեցնելու են ահաբեկչության վտանգը, սակայն չեն կարողանա ամբողջովին ապահովել թռիչքների անվտանգությունը: