Ավագ ընկեր, պրոֆեսիոնալ, լայնախոհ անձ. Շարմազանովը` հանձնաժողովների ՀՀԿ–ական նախագահների թեկնածուների մասին

15:49 • 20.05.17

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում անդրադարձավ  6 հանձնաժողովի նախագահների ՀՀԿ–ական թեկնածուններին: Մասնավորապես, Գագիկ Մինասյանին նա համարեց իր ավագ ընկերը: «Եթե Գալուստ Գրիգորիչը ինձ համար պառլամենտական հանդուրժողականության և համերաշխության մարմնավորողներից մեկն է, ապա պարոն Մինասյանն ինձ համար պարկեշտության էտալոններից է»,-ասաց նա:

 

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ պարոն Մինասյանը չի ասում ինչպես պետք է անել, բայց, նրա հետ շփվելով, հասկանում ես որն է ճիշտը: «20 տարուց ավել աշխատելով խորհրդարանում՝ ես չեմ ճանաչում մի մարդու, որ պարոն Մինասյանի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային որակների մասին ունենա այլ կարծիք: Պարոն Մինասյան, ես Ձեզնից շատ բան եմ սովորել, և եթե իմ վարքագծում դրական բան փոխվել է այստեղ, Դուք ունեք լուրջ ազդեցություն»,-ասաց նա:

 

Հակոբ Հակոբյանին նա համարեց սկզբունքային անձնավորություն: «Մարդ կարող է լինել իշխանության մեջ, բայց ունենալ ներքին ազատություն: Մեր ներքին քննարկումների ժամանակ նա կարող է ընդհանուրից առանձին իր մասնավոր կարծիքը պնդել»,-ասաց նա և նշեց, որ նրա մարդկային որակները ևս շատ բարձր են:

 

«Դուք ցույց եք տվել, որ պատրաստ եք աշխատել թե՛ ընդդիմության, թե՛ դիմության և թե՛ ժողովրդի հետ, ձեզ ոչ մի բան չի փոխել»,-հավելեց նա:

 

Անդրադառնալով Կորյուն Նահապետյանին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ նա պրոֆեսիոնալ է, ունի ազգային արժեքային համակարգ և կարող է աշխատել ընդդիմության հետ, ինչը կարևոր է: «Լինելով հանձնաժողովի նախագահ՝ ջատագովն եք եղել կոլեգիալ որոշումների»-ասաց նա և նշեց, որ պատրաստ է աջակցել Կորյուն Նահապետյանին,  առավել ևս որ անվտանգության հարցերը ամենաառաջնային են:

 

Արմեն Աշոտյանին նա համարեց իր վաղեմի ընկերը և հիշեց, որ իրար հետ միասին են մտել քաղաքականություն: «Այո, պարոն Աշոտյանը շատ լավ բժիշկ կարող էր դառնալ, բայց նա դարձավ շատ ավելի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ»,-ասաց նա և անդրադարձավ Արմեն Աշոտյանի գործունեությանը, նրա ներդրմանը հայանպաստ որոշումներում:

 

Էդուարդ Շարմազանովը  Հրայր Թովմասյանին հաջողություն մաղթեց, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: «Դուք լայնախոհ անձնավորություն եք, մեր Սահմանադրության  Թովմաս Ջեֆերսոն եք»,-ասաց նա:

 

Իսկ Խոսրով Հարությունյանի մասին, նա ասաց, որ պատիվ է ունեցել նրա հետ աշխատելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում: