Գյուղացիները բացել են Էջմիածին-Երևան ճանապարհը. նրանք սպասում են կառավարության պատասխանին

16:10 • 20.05.17

 Արմավիրի մարզի բազմաթիվ բնակիչներ, ովքեր  փակել են Էջմիածին-Երևան ճանապարհը, մարզպետարանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո բացել են այն:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը:
«Գյուղացիներն իրենց դժգոհությունը հայտնեցին մթերվող գյուղմթերքի գների դեմ: Մարզպետարանից ներկայացուցիչներ էին եկել, բողոք իրականացնող բնակիչները ներկայացրեցին իրենց խնդիրները: Մասնավորապես, գյուղացիների մոտ հարց է առաջացել, թե ինչու է մթերվող վարունգի գինը մի քանի օրվա ընթացքում նվազել»,-ասաց համայնքապետը:

 

Վերջինս հայտնեց, որ Արմավիրի մարզպետարանից եկած պաշտոնյաները լսել են բնակիչներին, խոստացել են՝ հարցը կքննարկեն, կներկայացնեն կառավարությանը:
«Այդ ամենից հետո կառավարության, մարզպետարանի որոշումն ու առաջարկները կներկայացվեն մթերման գների դեմ բողոքող բնակիչներին: Իրենք սպասում են քննարկվող հարցի պատասխանին»,-ասաց Սամվել Գալստյանը: